Հիսուսը կյանք է, որ պիտի ապրես…
Հիսուսը կյանք է, որ պիտի ապրես...
Բառերով միայն Հիսուս չեն սիրում,
Պատմելով միայն Հիսուս չեն սիրում,
Հիսուսը կյանք է, որ պիտի ապրես,
Հիսուսը Դուռն է, որ պիտի բացես,
Նա Բանալի է, որ պիտի պահես ափիդ մեջ սեղմած,
Որը կբացի փակ դուռ ցանկացած:
Հիսուսը սիրո ջինջ օվկիանոս է,
Այդ օվկիանոսում սիրո նավակն է,
Քեզ մնում է լոկ, որ ջուրը մտնես.
Մի՛ վախեցիր, որ լողալ չգիտես,
Անձնական Փրկիչ Նավապետ ունես:
Հասկացիր, ո’վ մարդ, որ այդ օվկիանում
Երբեք ու ոչ ոք, ոչ ոք չի խեղդվում:
Դու հենց այդ սիրո Օվկիանոսն ես, Տեր,
Ու ես խճաքար կապույտ լողափում,
Եվ երբ ջրերը սիրո Օվկիանի մեղմ ալեկոծվում,
Զարկում են ափի խճաքարերին,
Ես էլ նրանց մեջ հալվում եմ սիրուց կրկին ու կրկին,
Երբ ամեն անգամ հպումդ եմ զգում…
Պատմելով միայն Հիսուս չեն սիրում:
Դու նկարելով պատկերը Նրա` Նրան չես գտնի,
Սիրտդ տրտմեցրած ու տխուր նստած`
Նրան չես գտնի:
Փափագիր Նրան, Նա քեզ մոտ կգա,
Դու կանչիր Նրան և Նա ձայն կտա,
Դու միայն կանչիր, միայն հավատա…
Պատմելով միայն Հիսուս չեն սիրում:
Կյանքդ պիտ դառնա սիրո պատմություն,
Բարի գործերդ, որպես թե սիրո խոստովանություն.
Խոսքերով միայն Հիսուս չեն սիրում,
Հիսուսը կյանք է, որ պիտի ապրես,
Ապրես սիրելով, սերդ` բաշխելով,
Սերդ բոլորին միշտ շռայլելով,
Հիսուսը կյանք է, որ պիտի ապրես…
Շուշան Ադամյան