Եթե ուզում ես քննադատես...Եթե ուզում ես քննադատես,
Նախ պիտի քննես, ու հետո դատես,
Իսկ թե հասու չէ միտքդ քննելու,
Դատը քո ոչ մեկ չի էլ լսելու:
Դատը օրենք է իր ողջ խստությամբ,
Որ բեռ է դնում մարդու ուսերին,
Սակայն երբ խոսես սիրով, բարությամբ,
Իր մեջ ուժ կտաս բարի հույսերի:
Եթե ուզում ես նենգ մարդկանց ներել,
Մինչ այդ ուժ գտիր գեթ մեկին սիրել,
Թե քո ներումը սիրուց չծնվի,
Երկուստեք կապը շուտով կփլվի:
Սերն է այն ամուր սոսինձը կյանքում,
Որ մեզ պահում է հավատքի վանքում,
Առանց այդ սիրո մարդը չէր լինի,
Երկիրն էլ տեղից կպոկվեր հիմի:
Թե կերազես մեծ լինել կյանքում,
Որ խորհուրդ քաղեն քո ամեն խոսքից,
Խոնարհությանը տեղ տուր քո վարքում,
Խոսք լսիր ինքդ մեծից ու փոքրից:
Եթե մերժում ես խոսքն իմաստունի,
Քո պեսին լսելն էլ իմաստ ունի՞,
Ի՞նչ ես սովորել, կամ ի՞նչ ես տալու
Բացի քո հպարտ վարքից խնդալու:
Պատճառը հաճախ մարդու պարտության,
Արդյունքն է համառ, այդ հպարտության,
Լսիր խելոքի խորհուրդը բարի,
Ու կյանք կկերտես լուրջ, մարդավարի:
Ռուբեն Կարոյան